AM
8 Նոյեմբեր 2011 - 11:43 AMT

«Արարատբանկը» 12 մլն դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր է ստորագրել ՓՄՁ վարկավորման համար

Նոյեմբերի 8-ին Երևանում սինդիկացված վարկի պայմանագիր է ստորագրվել, որի շնորհիվ «Արարատբանկ» ԲԲԸ-ն 12 մլն դոլար կստանա փոքր ու միջին բիզնեսի վարկավորման համար, այդ թվում առևտրի ֆինանսավորման համար: «Այդ պայմանագրի ստորագրումը նոր փուլ է ազդարարում բանկի կյանքում, դա թույլ կտա վարկային միջոցներ ներգրավել անմիջապես առևտրային բանկերից: Ստանալով սինդիկացված վարկ, մենք ճանաչվել ենք որպես վստահելի ու հեղինակավոր հայկական բանկ միջազգային վարկային շուկայում: Սա նշանակալի ձեռքբերում է բանկի կյանքում, ինչը թույլ է տալիս ոչ միայն բարձրացնել բանկի վարկանիշը, այլ նաև ընդլայնել մեր վարկային ծավալներն ու աշխարհագրությունը»,-ասել է «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Ինչպես նշել է տնօրենը, սինդիկացված վարկի մասնակիցներն են ՎԶԵԲ-ը, որից հայկական բանկը 3 մլն դոլար կստանա, իսկ մնացած 9 մլն դոլարը կհատկացնեն «Պրոմսվյազբանկը», բելգիական ՎԴԿ Սպաարբանկը (VDK Spaarbank) և լիբանանյան Բիբլոս Բանկը (Byblos Bank S.A.L):

Աշոտ Օսիպյանը հայտարարել է, որ այն արտահանողներն ու ընկերությունները, որոնց արտադրությունը կողմնորոշված կլինի ներմուծման փոխարինմանը, «Արարարտբանկի» կողմից կվարկավորվեն 9 տոկոս տոկոսադրույքով, մյուս ՓՄՁ-ները կվարկավորվեն բանկի միջին տոկոսադրույքի սահմաններում, որն այժմ կազմում է 13 տոկոս:

Իր հերթին ՎԶԵԲ-ի սինդիկացված վարկերի կառավարման ղեկավար Լորենս Յորգենսենը hավելել է, որ համագործակցությունը «Արարատբանկի» հետ երկարաժամկետ բնույթ է կրում: Ընդ որում, նա հավելել է, որ ՎԶԵԲ-ի ընտրությունը պայմանավորված է «Արարատբանկի» մենեջմենթի բարձր գնահատմամբ, ինչպես նաև բանկի առաջատարի դիրքերով ՓՄՁ վարկավորման ոլորտում: