Նոյեմբերի 8-ին Երևանում ընթացող «Բելգիական գործարար շաբաթ Հայաստանում» խորագրով գործարար համաժողովի շրջանակում հայկական «Էկոատոմ» և բելգիական Geodiagnostic ընկերությունները նոր համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին փաստաթուղթ են ստորագրել: «Բելգիական գործարար շաբաթ Հայաստանում» համաժողովին մասնակցելու համար հանրապետությունում են գտնվում Բելգիայի Թագավորության Վալոնիա և Ֆլանդրիա նահանգներից գործարար պատվիրակությունները:
Այս փաստաթղթի վերաբերյալ նախնական համաձայնությունը ձեռք էր բերվել 2010թ. կազմակերպված հայ-բելգիական բիզնես-ֆորումի շրջանակում` Զարգացման հայկական գործակալության և UNIDO-ի աջակցությամբ: Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նոր ձեռնարկությունը կզբաղվի լեռնամետալուրգիական արդյունաբերության, ջրի, ռադիոակտիվ թափոնների լաբորատոր փորձաքննություններով, ինչպես նաև մետաղների քանակական անալիզով:
Համատեղ լաբորատորիայի ստեղծման ծրագրի գիտական ղեկավար Գագիկ Մարտոյանը հաղորդել է, որ բելգիական փորձի և տեխնոլոգիաների ներդրմամբ այդ ձեռնարկությունը միակն է լինելու տարածաշրջանում իր սարքավորումներով` հավելելով, որ մինչ օրս հայ փորձագետները ստիպված էին լինում նմուշներն ուղարկել Ֆրանսիա, Կանադա, Գերմանիա:






