AM
10 Նոյեմբեր 2011 - 06:01 AMT

Գյումրիում կանցկացվի հայկական Վիքիփեդիայի համալրման օր

«Վիքիփեդիան դպրոցներում և համալսարաններում» նախագծի հիմնադիրներից «ԿԱԶԱ» հիմնադրամը նոյեմբերի 12-ին Գյումրի քաղաքում կազմակերպել է Վիքիփեդիայի համալրման միջոցառում։

Միջոցառումը նվիրված է հայերեն Վիքիփեդիայում կատարվող աշխատանքների ակտիվացմանը։ Սկզբում նախատեսվում է մասնակիցներին ծանոթացնել Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերին, նպատակներին, Հայաստանում առկա խնդիրներին ու նախագծերին։ Ապա մասնակիցներին կբացատրեն Վիքիփեդիայում աշխատելու ընդհանուր կանոնները, հոդված ավելացնելու եղանակները, որից հետո բոլորը միասին հնարավորություն կունենան հայերեն թարգմանելու արդեն գոյություն ունեցող որևէ հոդված կամ ավելացնելու ցանկացած հոդված նախընտրած ոլորտից։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է օնլայն գրանցվել։

«Վիքիփեդիա դպրոցներ և համալսարաններ» նախագիծը պաշտոնապես իրականացվում է 2010-ից աշխարհի տարբեր հեղինակավոր բուհերում և դպրոցներում։ Նախագծի նպատակն է, որ Հայաստանի ուսանողները և աշակերտները իրենց առաջադրանքները, կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքները կատարեն գործնականում կիրառվող ոլորտներում և զետեղեն իրենց աշխատանքները Վիքիփեդիայում։ Բացի դրանից նախագիծը նպատակ ունի հայկական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ավելի ակտիվորեն ներգրավել համացանցում Հայաստանի իմիջի և հեղինակության ձևավորման հարցում և պայքարել ապատեղեկատվության դեմ` պատմության, մշակույթի, իրավունքների ճիշտ և պատշաճ ներկայացման միջոցով։

Վիքիփեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա հիմնադրամը։ Վիքիփեդիայի 19.8 միլիոն հոդվածները (այդ թվում՝ շուրջ 15.000 հայերեն վիքիփեդիայում) ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվող ցանկացած անձի կողմից։