Apple ընկերությունը հայտնել է, որ iPod nano նվագարկիչների առաջին սերնդի մարտկոցները խնդիր ունեն։ Ընկերությունն իր կայքում նշում է, որ հազվադեպ դեպքերում մարտկոցը կարող է գերտաքանալ, ինչը սպառնում է օգտագործողի անվտանգությանը։ Որքան հին է նվագարկիչն, այնքան մեծանում է գերտաքանալու հավանականությունը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
Ընկերությունը iPod nano օգտագործողներին առաջարկում է մասնակցել այսպես կոչված «փոխանակման ծրագրի»՝ վերադարձնել սարքը Apple-ին և փոխարենը ստանալ նորը։ Այս ծրագիրը գործում է բոլոր երկրներում, ուր կան Apple-ի խանութներ։
Apple-ն ընդգծել է, որ մեղքը մարտկոցների մատակարարինն է։ Պոտենցիալ վտանգավոր է համարվում iPod nano-ների առաջին սերունդը՝ վաճառված 2005-ի սեպտեմբերից մինչև 2006-ի դեկտեմբեր ժամանակահատվածում։ iPod nano առաջին սերնդի օգտագործողները կարող են ստուգել, թե արդյո՞ք իրենց նվագարկչի մարտկոցը խնդիր ունի։ Ստուգելու համար անհրժեշտ է Apple-ի կայքում համապատասխան դաշտում հավաքել iPod nano–ի շարքային համարը։
iPod nano-ի առաջին սերունդը ներկայացվել է Apple-ի կողմից 2005-ին։ Այն եկել է փոխարինելու iPod mini նվագարկչին, որը ներկայացվել էր 2004-ին։ Իսկ 2010-ին լույս տեսավ iPod nano-ի 6-րդ սերունդը սենսոր էկրանով։