AM
24 April 2003 - 15:18 AMT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿՀԵՏԵՎԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՈՐԴ ՌԱՍՍԵԼ-ՋՈՆՍԹՈՆԸ

Հայաստանում նախագահական ընտրություններից հետո միջազգային դիտորդներն էլ ավելի ուշադիր են վերաբերվելու թե խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությանը, թե ԿԸՀ-ի եւ ընտրահանձնաժողովների աշխատանքին, թե ընտրողների ձայների հաշվառմանը: Հայաստանի խորհրդարանում հանդիպումների ընթացքում այդ մասին հայտարարել է Երեւան ժամանած Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական նախընտրական առաքելության ղեկավար Լորդ Ռասել-Ջոնսթոնը: Ընդ որում, նա նշել է, որ եվրոպացի դիտորդների քննադատությունն ինքնանպատակ չէ, եւ Հայաստանն ինքը պետք է շահագրգիռ լինի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում: Ռասել- Ջոնսթոնը նշել է, որ ԵԽ Նախարարների կոմիտեն մեծ ուշադրությամբ հետեւելու է նաեւ տարածաշրջանի մյուս ընտրություններին, մասնավորապես Ադրբեջանի նախագահական եւ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, «քանի որ չեն մոռացվել լուրջ ընտրախախտումներ արձանագրած Ադրբեջանի նախորդ նախագահական ընտրությունները»: