AM
15 Նոյեմբեր 2011 - 05:21 AMT

Մի՞թե Unicode-ի անցնելն այդքան բարդ է

Այսօր տեխնոլոգիաներն ամեն օր, անգամ ամեն վայրկյան զարգացում են ապրում՝ նպատակ ունենալով հեշտացնել մարդկանց գործը և խնայել ժամանակը։Օնլայն լրատվամիջոցները օրական տասնյակ մամլո հաղորդագրություններ են ստանում տարբեր պետական կառույցներից և ընկերություններից։ Դրանցից շատերը ոչ յունիքոդ (Unicode) տառատեսակով են հավաքված։ Ամեն անգամ նման տեքստերի հանդիպելիս լրագրողները ստիպված տեքստը Unicode են դարձնում, ապա փորձում վերացնել «գ» տառի խնդիրը։ Ինչպես հայտնի է, տեքստը Unicode-ի վերափոխելիս «գ» տառը չի վերափոխվում։ Վերափոխման ընթացքում խնդիրներ են առաջանում նաև չակերտների և «և» տառի հետ։

Մի խոսքով, երկար գործընթաց, որը կարող էր չլինել, եթե տեքստի հեղինակը պարզապես Unicode օգտագործեր։ Հարցրեք ձեր լրագրող ընկերներին, թե ինչպիսին է նրանց դեմքի արտահայտությունը, երբ տեսնում են ոչ Unicode-ով հավաքված տեքստ։

Կան որոշ մարմիններ, որոնք ուղարկում են հաղորդագրությունները թե՛ Unicode և թե՛ ոչ Unicode, ինչը գովելի է։

Սակայն կան նաև այնպիսի պետական մարմիններ (Օրինակ՝ Երևանի քաղաքպետարան) և ընկերություններ, որոնք իրենց ներկայացնում են որպես տեղեկատավական տեխնոլոգիաների ջատագով, ներդրումներ կատարում ոլորտում, սակայն սեփական մամլո հաղորդագրությունները ոչ Unicode տառատեսակներով են հավաքում և տարածում։

Հիշենք, որ 2010-ին ՀՀ կառավարությունը քննարկել է պետական մարմիններում միայն Unicode տառատեսակի օգտագործման հարցը։ Սակայն այս հարցում ևս հետևողական չեղան և «ականջի ետև գցեցին»։