Նոյեմբերի 17-19-ը Թբիլիսիում տեղի կունենա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառումը (GITI), որին արդեն 4-րդ անգամ կմասնակցեն Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունները։
Մասնակից հայկական կազմակերպություններն են` «Հայկական ծրագրեր», «Դ-Լինկ», «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Xinect», «Լայմ Տեխ», «ՍաութԹեք Քընսալտինգ», «Էսենշլ Սըլյուշնս», «Նորմա-պլյուս» ընկերությունները: Պետական հատվածից հարկատուների համար նորագույն լուծումներ կներկայացնի ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն:
Հայկական ընկերությունների մասնակցության նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումն արտասահմանյան շուկայում:
Միջոցառման ընթացքում հայկական կազմակերպությունները «Հայկական անկյուն» տաղավարում կներկայացնեն Հայաստանի լավագույն թվային լուծումները, հանդես կգան գործարար ներկայացումներով, կմասնակցեն տարածաշրջանային նշանակություն ունեցող լավագույն Տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծերի և իրականացրած ծրագրերի մրցույթին:
Հայկական կազմակերպությունների մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառման հիմնական նպատակն է ստեղծել և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցիացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը: Միջոցառումը բաղկացած է կոնֆերանսների շարքից, ցուցահանդեսից և մրցանակաբաշխությունից: Կազմակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար խորհուրդը և Վրաստանի արդարադատության նախարարությունը:






