AM
16 Նոյեմբեր 2011 - 05:28 AMT

Կիբերհանցագործության «նորաձևությունը» QR կոդերի միջոցով վիրուսների տարածումն է

«Կասպերսկու լաբորատորիան» հրապարակել է 2011-ի երրորդ եռամսյակում ինտերնետային վտանգների տեսությունը։ Ըստ վերլուծաբանների այս ժամակաշրջանում աճել են կիբերհարձակումները աշխարհի խոշոր ընկերությունների վրա։ Ըստ նրանց, անգամ որոշ ընկերություններ դադարել են գործել դրանց հետևանքով։

Այս եռամսյակում հատկապես կիբերհանցագործները վնասակար վիրուսները տարածել են QR կոդերի միջոցով։ Եռամսյակում հատկապես աչքի է ընկել Anonymous հաքերային խումբը։ Հարձակումների զոհ է դարձել իտալական կիբերոստիկանությունը, ԱՄՆ-ի մի շարք ոստիկանական բաժանմունքներ, Mitsubishi ընկերության ռազմաարդյունաբերությունը և սա դեռ ողջ ցուցակը չէ այդ բոլոր կիբերհանցագործությունների։

Տարբեր երկրների մի շարք կառավարական մարմիններ, խոշոր ընկերություններից՝ Google-ը, Yahoo-ն, Tor-ն ու Mozilla-ն նույնպես դարձել են կիբերհանցագործների թիրախ։

«Կասպերսկու լաբորատորիան» զգուշացնում է նաև անհատ օգտագործողներին նույնպես ուշադիր լինել, քանի որ մի շարք վնասակար վիրուսներ հայտնվում են միանգամից մարդկանց հեռախոսներում ծրագրային վիրուսների միջոցով։ 2011-ի երրորդ եռամսյակում ամենից շատ վնասակար ծրագրեր տարածվել են Android օպերացիոն համակարգում։ Բազմաթիվ ծրագրեր Google ընկերությունը պարբերաբար ջնջում էր Android Market-ից։ Հատկապես նկատվել է երկու վիրուս՝ Zitmo-ն Zeus-ի հետ, որոնք կարողանում էին կոտրել ինտերնետ-բանկային ծառայությունների բարդ սխեմաները։

Ամենաանսպասելի և խորամանկ միջոցը կիբերհանցագործների QR կոդերով վիրուսների փոխանցումն էր։ QR-ը շտրիխ կոդի պես կոդ է, սակայն ավելի լայնածավալ ինֆորմացիա է պարունակում՝ թվերից մինչև տեքստեր, ինտերնետային լինքեր և այլն։ Մարդիկ խաբվել են սկան անելով վնասակար լինքեր պարունակող QR կոդեր։

Այսքանից կարելի է եզրահանգել, որ կիբերհանցագործները ոչ մի միջոց բաց չեն թողնում վնասակար վիրուսներ տարածելու համար։ Այնպես որ պետք է ուշադիր լինել ինտերնետում ցանկացած գործողություն կատարելիս։