AM
24 April 2003 - 14:29 AMT

ԱՅՍՕՐ ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Այսօր Փարիզի կենտրոնում բացվում է ականավոր հայ կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը: Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, 6 մետրանոց բրոնզե հուշարձանի պատվանդանին փորագրված է` «XX-րդ դարում իրականացված առաջին ցեղասպանության զոհ դարձած 1,5 մլն հայերի եւ երգահան Կոմիտասի հիշատակին»: Հուշարձանի կանգնեցման գաղափարը առաջացել էր դեռեւս անցյալ դարի 80-ական թվականների սկզբին, սակայն սկսել է կյանքի կոչվել 2001 թվականից` ստանալով Փարիզի իշխանությունների հավանությունը: Ինչպես հայտարարել էր ժամանակին այդ կապակցությամբ Փարիզի քաղաքապետ Ժան Տիբերին, «դա կլինի հուշարձան հայ երգահան Կոմիտասին, որը վերապրել է Ցեղասպանությունը եւ մահացել է Ֆրանսիայում 1935 թվականին»: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած Ֆրանսիայում այսօր կան 34 հուշարձաններ եւ հրապարակներ, որոնք հավերժացնում են այդ հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի բացումը Փարիզում առաջ է բերել պաշտոնական Անկարայի վրդովմունքը, որը գտնում է, որ «նման իրադարձությունները վտանգի տակ են դնում թուրք-ֆրանսիական հարաբերությունները»: