AM
17 Նոյեմբեր 2011 - 06:36 AMT

Ամերիաբանկն սկսում է հանդես գալ ֆինանսական շուկայում՝ որպես ունիվերսալ բանկ

Ամերիաբանկը հիմք ընդունելով իր ռազմավարական նպատակները` սկսում է ակտիվ գործունեություն ծավալել ֆինանսական շուկայում, որպես ունիվերսալ բանկ` ընդլայնելով համագործակցությունը ֆիզիկական անձ հաճախորդների հետ: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, չնայած նրան, որ տարիներ շարունակ Ամերիաբանկը հանրությանը ներկայացել է որպես կորպորատիվ, ներդրումային բանկ, այնուհանդերձ, մշտապես պատշաճ ուշադրության է արժանացրել ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների մշակմանը, ճկուն սակագնային փաթեթի ձևավորմանը, սպասարկման մակարդակի մշտապես բարելավմանը:

Բանկն ունի ֆիզիկական անձանց համար նախատեսված բազմաբնույթ ծառայությունների փաթեթ. ժամկետային ավանդների ընդարձակ տեսականի` ամենատարբեր պայմաններով, ներառյալ ոսկու կառուցվածքային ավանդը, ինչպես նաև խնայողական, մետաղական հաշիվներ, վճարային քարտերի լայն տեսականի, վարկային ծառայությունների բազմազան տեսականի` ներդրումային, հիփոթեքային, անշարժ գույքի վերանորոգման, տրանսպորտային միջոցների ձեռքբերման, անձնական և ընտանեկան կարիքների համար, վարկային գծեր և մի շարք այլ ծառայություններ, որոնք առանձնանում են պայմանների բազմազանությամբ և ճկուն սակագներով:

Չնայած նրան, որ մանրածախ բանկային ծառայությունները հիմնականում առաջարկվում էին կորպորատիվ հաճախորդների աշխատակիցներին, այնուհանդերձ, Ամերիաբանկը գրանցել է մանրածախ գործառնությունների գծով ցուցանիշների մեծ աճի տեմպեր: Ընդամենը մեկ տարվա ընթացքում` 2010թ. հոկտեմբերի 31-ից 2011թ. հոկտեմբերի 31-ը, շուրջ 40%-ով աճել է Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների թվաքանակը, իսկ վարկային հաշիվների քանակն աճել է 56%-ով, ավանդային հաշիվների քանակը` 68%-ով: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելը մեկ տարվա ընթացքում աճել է 56%-ով` և 2011թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել շուրջ 35 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելն աճել է 31%-ով` կազմելով շուրջ 19 մլրդ դրամ:

Արդեն իսկ հասարակությանը ներկայանալով որպես ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն ընդլայնելու է համագործակցության շրջանակները ֆիզիկական անձանց հետ: Բանկն ակտիվորեն համալրելու է ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթը հայաստանյան ֆինանսական շուկայի համար նոր առաջարկներով:

Արդեն մշակվել են հիփոթեքային վարկերի նոր, ՀՀ ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող տեսակներ, շուտով կառաջարկվի նաև Նվեր (Gift) քարտ:

Ամերիաբանկը շարունակելու է նոր առաջարկներով հանդես գալ նաև կորպորատիվ հաճախորդների համար, մասնավորապես, մոտ ժամանակներում հաճելի անակնկալ է սպասվում փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին:

Սա դեռ ամբողջ շարքը չէ այն առաջարկների, որ Ամերիաբանկը նախատեսել է թե կորպորատիվ և թե ֆիզիկական անձ հաճախորդների համար, մոտ ապագայում սպասվում են նոր և հետաքրքիր առաջարկություններ: