Նոյեմբերի 17-18-ի գիշերը իր առավելագույն փուլին կհասնի Լեոնիդների ասուպային հոսքը և կշարունակվի մինչ վաղ առավոտ: Այդ փուլում մեկ ժամում հնարավոր կլինի դիտել ավելի քան 20 ասուպ: Լուսինը կգտնվի քառորդ փուլում, ինչը կդժվարեցնի թույլ Լեոնիդների դիտումը: Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։
Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անունը: Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ: Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի և կշռել մինչև 85 գրամ:
Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս, թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է Երկրի` Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) երկնաքարի թողած կտորների միջով անցումով:






