12.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Վիեննայում սկսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստը:
Սպասվում է, որ համանախագահները կքննարկեն տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի արդյունքները: ԱՄՆ-ի համանախագահ Քերի Քեվինոյի խոսքերով, Վիեննայի հանդիպմանը միջնորդները կքննարկեն նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Բենիտա Ֆերերո-Վալդների` հուլիսի 17-18-ին տարածաշրջան նախատեսված այցի նախապատրաստման հարցեր:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին: Հուլիսի 11-ին այս մասին հայտարարել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Օսկանյանը ասելլ էր նաեւ, որ տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ կամ գաղափարներ: Օսկանյանը ասել էր, որ մոտ ապագայում միջնորդները մտադիր չեն ներկայացնել նոր առաջարկներ: «Նրանք հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անմիջական հանդիպումների ընթացքում կառաջանան նոր գաղափարներ, որոնց հիման վրա էլ միջնորդները կշարունակեն իրենց աշխատանքը», – ասել է Հայաստանի արտգործնախարարը: –0–