11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա օգոստոսին Ղրիմում` ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում: Իսկ դրան հաջորդող հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին Նյու-Յորքում: Այսօր Մամլո ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսին այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նախարարը հայտարարել է, որ տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ կամ գաղափարներ: Օսկանյանը ասել է, որ մոտ ապագայում միջնորդները մտադիր չեն ներկայացնել նոր առաջարկներ: «Նրանք հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անմիջական հանդիպումների ընթացքում կառաջանան նոր գաղափարներ, որոնց հիման վրա էլ միջնորդները կշարունակեն իրենց աշխատանքը», – ասել է Հայաստանի արտգործնախարարը: Միաժամանակ նա չի բացառել այն հնարավորությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կփորձեն ստեղծել վերջին տարիներին իրենց կողմից մշակված բոլոր առաջարկների «հավաքական» տարբերակ: Սակայն, նշել է Վարդան Օսկանյանը, Հայաստանը պնդելու է, որ այդ տարբերակում առաջ չքաշվեն
նախապայմաններ, իսկ հակամարտության կարգավորումը իրականացվի փաթեթային, այլ ոչ թե փուլային սկզբունքով: –0–