Նոյեմբերի 22-ին Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում կկայանա հիպերռեալիստական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կներկայացվի երիտասարդ դիզայներների հեղինակած հիպերռեալիստական ուղղության մոտ 65 աշխատանք, տեղեկացնում են ԵՃՇՊՀ-ից։
Ֆոտոռեալիզմի էսթետիկ սկզբունքների վրա հիմնված այս ուղղությունը, ի տարբերություն վերջինիս, իր առաջ նպատակ չի դնում կրկնօրինակել իրականությունը: Օբյեկտներն ու տեսարանները հիպերռեալիստական գեղանկարչության մեջ մանրամասն են ներկայացված, որպեսզի ստեղծվի իրականության պատրանք, բայց դա սյուրռեալիզմ չէ, քանի որ կարող է հանդիպել իրականության մեջ:
Ցուցահանդեսի ղեկավար, համալսարանի «Դիզայն» ամբիոնի դասախոս, դիզայներ Հայկազ Արսենյանը նշում է, որ հիպերռեալիստական աշխատանքների ստեղծումը նախ և առաջ յուրատեսակ փորձություն էր երիտասարդ դիզայներների համար, որոնց առաջ նպատակ է դրվել ստանալ պատկերներն ու իրերն այնպիսին, ինչպիսին դրանք ֆիքսել է օբյեկտիվը` իրական գույնով կամ փայլով: Իսկ թե ինչպես է դա արվում և որտեղից է սկիզբ առել արվեստի այս ուղղությունը, ցուցահանդեսի այցելուներին բացման արարողության ժամանակ կծանոթացնեն ճանաչողական ֆիլմի միջոցով:
Ցուցահանդեսը կտևի 3 օր: Մուտքն ազատ է:






