AM
22 Նոյեմբեր 2011 - 09:11 AMT

Պետեկամուտների կոմիտեի «Հարկատու-3» հարկային վարչարարության էլհամակարգը ճանաչվել է լավագույնը

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ, հայաստանյան ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ մասնակցել է Վրաստանում անցկացված «Կիբեռանվտանգության, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ-2011» միջազգային ամենամյա մրցանակաբաշխությանը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ մամլո բաժնից:

Այս միջոցառման նպատակն է խթանել մասնակից երկրների միջև պետական և մասնավոր հատվածների համագործակցությունն ու նորարարության զարգացումը:

«Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգում ներկայացվել են պետական հատվածի 11 խոշորագույն նախագծեր( էլեկտրոնային նույնականացման քարտերի, էլեկտրոնային առողջապահության և այլ նախագծեր): Այս նախագծերի շարքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» համակարգը ճանաչվել է լավագույնը:

«Հարկատու-3»-ը հարկային վարչարարության տեղեկատվական հոսքերի էլեկտրոնային կառավարման համակարգ է: Այն հնարավորություն է տալիս հարկ վճարողներից և հարկային տեսչություններից իրական ժամանակում էլեկտրոնային եղանակով ստանալ համապատասխան տեղեկատվություն և արդյունքում առավելագույնս նվազեցնել ՊԵԿ աշխատակից-տնտեսվարող անմիջական շփումը: Այս կերպ էլեկտրոնային անալիտիկ գործիքների միջոցով գնահատվում են ռիսկերը և նվազում ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստուգումների քանակը:

ՊԵԿ ՏՏ վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով, «Հարկատու-3»-ի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ հարկ վճարողները սկսեցին օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, ՀԴՄ-ների շրջանառությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնել և հարկային հաշիվները դուրս գրել էլեկտրոնային եղանակով, իսկ հարկային մարմինն առաջին անգամ սկսեց գործնականում կիրառել ռիսկերի գնահատման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության, ԱԱՀ-ի գումարները պարզեցված ընթացակարգով վերադարձնելու, ինչպես նաև հարկ վճարողներին տարբեր ծանուցումներ հաղորդելու ավտոմատ կառավարման ենթահամակարգերը:

Այս մրցանակաբաշխությունն անցկացվում էր 4-րդ անգամ: Այստեղ մասնակցում էին Եվրոպայի, ԱՊՀ երկրների 10-ից ավելի պատվիրակություններ: