“Ալեքս գրիգ” հայկական ընկերությանը, որը պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, 2010 թ-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մոտ 10 անգամ տույժեր էր ներկայացրել: Այդ մասին նոյեմբերի 26-ին Աղվերանում լրագրողներին մրցակցության հարցերի քննարկմանը նվիրված կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Հայաստանի հակամենաշնորհային մարմնի նախագահ Արտակ Շաբոյանը: Միջոցառման կազմակերպիչն է՝ Հայաստանի տնտեսկան մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ: Ինչպես հայտնեց ՏՄՊՊ-ի ղեկավարը, այսօրվա դրությամբ ընկերության նկատմամբ հարուցված է վարչական վարույթ, իսկ “Ալեքս գրիգի” գործերը, որը միշտ բողոքարկում է հանձնաժողովի եզրակացությունները, գտնվում են դատարանում:
Այդ կապակցությամբ Լիտվայի մրցակցության մարմնի ղեկավար Շարունաս Կեզերաուսկասը առաջարկեց, որ «կրկնահանցագործների» հետ պայքարի համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հասկանալ գործող օրենսդրությունը, որը թույլ է տալիս այդ տնտեսվարող սուբյեկտին շարունակել խախտել արդար մրցակցության օրենքները: Նա նաև ավելացրեց, որ պետք է ապահովել ուրիշ մասնակիցների մուտքը շուկա,որպեսզի տնտեսվարող սուբյեկտը չսահմանի բարձր խոչընդոտներ: Միաժամանակ փորձագետը ընդգծեց, որ “հակամենաշնորհային մարմնի տույժերը ինքնանպատակ չեն, քանի որ Եվրոպայում, ընկերությունը, հիմնականում, մտածում է իր հեղինակության մասին”:






