Նոյեմբերի 29 -ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացվելու է «Ուրիշ Հայաստան» օնլայն սոցիալ -քաղաքական նախագիծը շնորհանդես-քննարկում ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում են Hayland նախագծի մամլո ծառայությունից։
Շնորհանդես-քննարկմանը կմասնակցեն ՀՀ քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող մի շարք կուսակցությունների, զանգվածային լրատվամիջոցների, քաղաքական PR-խորհրդատվության ոլորտի, ինչպես նաև ինտերնետ -մեդիաների, բլոգերի և սոցիալական ցանցերի ներկայացուցիչները:
Միջոցառմանը բանախոսելու են Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար Արտաշես Մկրտչյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը և քաղաքական խորհրդատու, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը։
«Ուրիշ Հայաստան» նախագծի հեղինակ, Hayland-ի ղեկավար Արտաշես Մկրտչյանը կներկայացնի նախագծի մանրամասները, նախընտրական փուլում ինովացիոն քաղաքական տեխնոլոգիաների կարևորությունը, նախագծին մասնակցելու կարգը:
«Ուրիշ Հայաստանը» ինտերնետ հարթակում իրական քաղաքական համակարգի մոդելավորումն է, որի նպատակն է նախընտրական գործընթացներին ընդառաջ օնլայն հասարակության սոցիալական իրազեկումը և քաղաքական մասնակցության մակարդակի բարձրացումը: Այստեղ յուրաքանչյուր խաղացող կարող է ցանկության դեպքում ստեղծել կուսակցություն, ընդգրկվել 131 ԱԺ պատգամավորների շարքերը և անգամ դառնալ նախագահ:
Այս նախագիծը խաղային-քաղաքական տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս բարձրացնել լսարանի տեղեկացվածությունը, օնլայն հասարակայնությանը` համախմբել համախոհներին, ինտեգրվել և մասնակցել քաղաքական կարևորագույն գործընթացներին: «Ուրիշ Հայաստանում» կիրառվում են սոցիալական մեդիաների ամենաազդեցիկ գործիքները` բլոգերը, ֆորումները, խմբերը և այլն։
«Ուրիշ Հայաստան» վիրտուալ քաղաքական խաղը ինտեգրված և տեղակայված է Hayland.am հայկական սոցիալական ցանցում:






