AM
28 November 2011 - 11:48 AMT

LiveJournal բլոգային հարթակը ենթարկվում է DDoS հարձակումների

Այսօր DDoS հարձակումների հետևանքով անհասանելի է դարձել SUP ընկերությանը պատկանող LiveJournal ճանաչված բլոգային հարթակը։ LiveJournal-ի նոր ղեկավար Իլյա Դրոնովը հաստատել է այս մասին լուրերն իր միկրոբլոգում։

Ինչպես հայտնում են հարթակից, ադմինիստրատորները աշխատում են ցանցը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին գրում է Lenta.ru:

Թե երբ կվերականգնվի բլոգային հարթակը դեռ տեղեկություններ չկան։

Twitter-ի որոշ օգտագործողներ կարծում են, որ հարձակումը կապված է նոր ղեկավարության և Ռուսաստանում գալիք ընտրությունների հետ։ Ըստ Իլյա Դրոնովի, այս վարկածը ճշմարիտ չի կարող լինել։

LiveJournal բլոգային հարթակի սերվերների վրա կատարվող հարձակումները իրենց գագաթնակետին հասան 2011-ի գարնանը և ամռանը։ Ապրիլին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը այս հարձակումների մասին խոսելով, կարծիք էր հայտնել, որ այս հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ Սակայն, օգոստոս ամսին հայտնեցին, որ քրեական գործը դադարեցված է, քանի որ քննիչները չկարողացան պարզել հարձակվողների անձը։