Նոյեմբերի 29-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունում տեղի կունենա «Հայկական Վիրտուալ Գիտական Գրադարան» ծրագրի շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, CRDF Global-ի և Thomson Reuter գործակալության ներկայացուցիչներ:
Ինչպես հաղորդում է ԳԱԱ մամլո ծառայությունը, «Հայկական Վիրտուալ Գիտական Գրադարանը» Հայաստանի գիտնականներին եզակի հնարավորություն կտրամադրի առցանց ամսագրեր և շտեմարաններ մուտք ունենալու համար: Այն ներառում է բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն հոդված, ՄԱԿ-ի Research4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր:
Այս միջոցառումն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանը «Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամ Գլոբալ»-ի (CRDF Global) հետ համատեղ: