AM
30 Նոյեմբեր 2011 - 12:04 AMT

Սերժ Սարգսյանը վրացի գործարարներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վրացական ընկերություններին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում: Այդ մասին նախագահը հայտարարել է Թբիլիսիում կայացած հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը: «Ինձ շատ հաճելի է, որ Վրաստանը հասել է մեծ հաջողությունների: Մեր երկրների տնտեսությունները շատ նման են: Հասկանալի է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանը չունեն բնական ռեսուրսներ, ուստի մենք հաջողության պետք է հասնենք արդյունավետ կառավարմամբ»,- ասել է նա: Այս առնչությամբ Սերժ Սարգսյանը հավելել է, որ 2012 թվականին Հայաստանում սպասվում է ՀՆԱ-ի 5 տոկոս աճ, ՏՏ ոլորտի զարգացում, հաղորդում է Business Գրուզիա-ն: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Հայաստանում տարբեր երկրներ են ներդրումներ անում: «Ցանկանում եմ վրացիներին ևս ներդրումներ անելու կոչ անել»,- հայտարարել է Սարգսյանը:

Իր հերթին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մատնանշեց հայ-վրացական հարաբերությունների նշանակությունը և հավելեց, որ «այդ հարաբերությւններն անհրաժեշտ է խորացնել»: «Դուք գիտեք, որ մենք սկսեցինք քայքայված տնտեսության կառուցում, և այսօրվա դրությամբ, կարծում եմ, իրավիճակը կտրուկ փոխված է: Վրաստանը ամենալավ երկիրն է գործարար մթնոլորտի տեսանկյունից: Մենք համարվում ենք աշխարհում թիվ մեկ բարեփոխիչը: Վրաստանում գործարար ընկերությունների գրանցումը ամենապարզն ու արագն է: Միևնույն ժամանակ, միջազգային կազմակերպությունների տվյալներով, մենք զբաղեցնում ենք կաշառակերության դեմ պայքարում առաջին տեղը»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է նաև Հավլաբարի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին: Նա մասնակցել է պատարագին և բացել հայ բարերար Ալեքսանդր Մանթաշովին նվիրված հուշարձանը, որի միջոցներով է կառուցվել այդ եկեղեցին:

Հայկական համայնքը Հայաստանի նախագահին է նվիրել վրաստանաբնակ նկարիչ Ռոբերտ Ներսեսովի նկարը: