Այսօր տեղեկատվական անվտանգության (ՏԱ) պաշտպանության միջազգային օրն է։ Այս առիթով ոլորտի երկու փորձագետներ Ռուբեն Մուրադյանը Սամվել Մարտիրոսյանը հանդես եկան ասուլիսով։ Ըստ Ռուբեն Մուրադյանի, Հայաստանում միայն բանկերն և խոշոր ընկերություններն են, որ խոսում են վեբ-կայքերի պաշտպանվածության մասին։ «Տեղեկատվական անվտանգությունը ապրանք չէ, որ ձեռք բերես ու համարես, որ անվտանգ ես։ Տեղեկատվական անվտանգությունը գործընթաց է։ Եվ որքան էլ պաշտպանես անվտանգությունդ, անհնար է այնպես անել, որ դադարեն հաքերային գործողությունները։ Ինչ էլ անենք, միշտ էլ «գրպանի գողերը» լինելու են»,-ասաց Ռուբեն Մուրադյանը։
Նրա կարծիքով, հաքերային հարձակումները՝ կայքեր կոտրելը, անձնական տվյլաների հափշտակումը, այս ամենը քրեորեն պատժելի գործողություններ են։ «Այն մարդիկ, ովքեր հասկանում են տեղեկատվության անվտանգության կարևորությունը, մեծ գումարներ են ծախսում այդ ուղղությամբ և գտնում ճիշտ մասնագետների։ Սա ճարտարագիտական գիտելիք է»,- նշեց Ռուբեն Մուրադյանը։
Փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, կա հաքերային գործողությունների երկու հետևանք. «Առաջինը երբ կոտրում են, նկար կախում և գրություն թողնում։ Իսկ մյուսը այնպիսի ներխուժումն է, որը խուճապ է առաջացնում։ Օրինակ 2000թ-ին հայ հաքերները ներխուժել էին ադրբեջանական մի քանի խոշոր լրատվամիջոցների համակարգեր և տեղադրել այնտեղ այնպիսի տեղեկություններ, որ անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստիպված եղավ հերքել այդ ինֆորմացիան։ Պետք է նշել, որ այն 1 օրում տարածվեց վիրուսի պես և համարվում է ճիշտ հստակ տեղեկություն։ Այսպիսի դեպքերն են, որ խուճապային են»։
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, ՏԱ-ն շատ դինամիկ աճող գործընթաց է և ռիսկերը նույնպես արագ փոխվում են։
Խոսելով ՏԱ պաշտպանվածության մակարդակի մասին՝ Ռուբեն Մուրադյանը նշեց, որ անհնար է չափել և թիվ ասել, թե որքան է պաշտպանված. «Եթե դու պաշտպանված ես այսօր, դա չի նշանակում, որ վաղը պաշտպանված կլինես»։ Ըստ նրա, սակայն, մի բան լավ է, չկան Հայաստանի համար գրված վիրուսներ, քանի որ ինտերնետ օգտագործողների շուկան շատ փոքր է։ Նա նաև նշեց, որ 2008-ի օգոստոսից ոչ մի հայկական պետական կայք չեն կոտրել։ Սա այն բանից հետո, երբ դրանց անվտանգությամբ սկսել է զբաղվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։