AM
22 April 2003 - 18:21 AMT

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ ԵՐԿՐՈՒՄ

Պետության համար վտանգ է ներկայացնում ոչ թե Հեյդար Ալիեւի հիվանդությունը, այլ հենց ներկայիս վարչակարգը: Այսպես է մեկնաբանել երկրի նախագահի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային անկախություն կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թուրան» գործակալությունը, անհրաժեշտ է, որպեսզի տվյալ վարչակարգը հաղթահարվի: Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի մեկ այլ ներկայացուցիչ` Դեմոկրատական կուսակցության քարտուղար Այդին Գուլիեւը գտնում է, որ Հեյդար Ալիեւը ի վիճակի չէ կառավարելու երկիրը: Նրա կարծիքով` ընդդիմությունը պետք է օգտագործի իր ունեցած հնարավորությունները վտանգավոր միտումները հաղթահարելու եւ հասարակական անվանգությունն ապահովելու համար: Ընդ որում, նա ընդգծել է, որ քաղաքական պայքարը չպետք է դուրս գա սահմանադրության շրջանակներից: Գուլիեւն ենթադրել է, որ չնայած նախորդ օրվա ճգնաժամին, Ալիեւը կրկին կառաջադրի իր թեկանծությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Իր հերթին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ ներկայումս Ալիեւի առողջական վիճակն արդեն նորմալ է, եւ «սպասվում է, որ այսօր նա աշխատանքի դուրս կգա»: Դրանով իսկ նա հերքել է պետությունը կառավարելու նախագահի անկարողության մասին ընդդիմության մեղադրանքները, միաժամանակ ավելացնելով, որ նախագահը չի նախատեսում հանգստի կամ բուժման գնալ: