AM
8 Դեկտեմբեր 2011 - 07:12 AMT

ՀՀ իրավապահ մարմինները վերապատրաստվել են կիբերանվտանգության մասնագետների կողմից

Այսօր առավոտյան մեկնարկել է «Կիբերանվտանգությունը և կիբերհանցավորության վիճակը ՀՀ-ում» կոնֆերանսը, որը կազմակերպվել է ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից:

Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկան ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան և ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պետրոսյանը:

«Այսօրվա փորձագիտական քննարկման նպատակն է գնահատել Հայաստանում կիբերանվտանգության վիճակը: Մենք գիտակցում ենք, որ սա Հայաստանի իշխանությունների, իրավապահ մարմինների, ոստիկանության խնդիրն է: ԵԱՀԿ-ն 2005-ից աջակցում է ՀՀ կառավարությանը այս խնդիրները վեր հանելու գործում: Մենք վերապատրաստման դասընթացներ ենք անցկացրել ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության աշխատակիցների հետ՝ փոխանցելով կիբերանվտանգության փորձագետների միջազգային փորձը»,- նշեց Քարել Հոֆսթրանը:

Ըստ նրա, Հայաստանում օրեցօր ավելանում է ինտերնետ օգտագործողների քանակը: «Այժմ մարդիկ սկսում են իրենց հաշիվները կառավարել օնլայն՝ օգտվելով ինտերնետ banking ծառայություններից: Բացի դրանից Հայաստանի կառավարությունը հանձնարարել է էլեկտրոնային կառավարման ներդրման առաջնահերթություն: Այս ամենին զուգահեռ աճում է կիբերանվտանգության կարևորությունը: Այս ոլորտում շատ կարևոր է կրթությունը»,- ասաց նա և հավելեց, որ Եվրոպական համալսարանում ներդրվելու է կիբերանվտանգության ուսումնական ծրագիր, որի ընթացքում ուսանողները կծանոթանան կիբեր միտումներին, վտանգներին:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի խոսքով` կիբերհանցագործությունների հանցատեսակի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանց պետական մոտեցման, տեխնիկական միջամտության և կրթության հնարավոր չէ ոլորտում արդյունքների հասնել:

«Համակարգչային տեղեկությունների ապօրինի տնօրինումը, սոցցանցերում մարդկանց և երեխաների նկատմամբ ոտնձգությունները և կիբերհանցագործությունների այլ տարատեսակները մշտապես գտնվում են ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում: Այսօր մենք գրանցում ենք բացահայտման լուրջ արդյունքներ: Կրթությունը, փորձը, տեխնիկական հագեցածությունը, օրենսդրական ակտերը այն գործոններն են, որոնք նպաստում են կիբերհանցագործությունների դեմ պայքարին»,- նշեց նա:

Ըստ Հունան Պողոսյանի, այս ոլորտում հիմքն արդեն դրված է: