ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-ի նիստում որոշել է Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված պետական անտառներից և անտառային հողերից 147.51 հեկտարը պահպանության նպատակով, անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրել «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին։
Ավելի վաղ ընկերությունը ճանաչվել էր Արտավազի գյուղական համայնքի և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 95.8 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռք բերող և սկսել էր քաղցրահամ և հանքային ջրերի արտահանման ու շշալցման գործարան կառուցելու ներդրումային ծրագրի իրականացումը։
Ինչպես հայտնեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը, այժմ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ձեռնարկել հողատարածքը շրջապատող անտառային հողերի պահպանության և բարելավման անհրաժեշտ միջոցներ, որոնց շնորհիվ անտառային տարածքը զերծ կմնա ապօրինի հատումից, հրդեհից, իսկ շշալցման գործարան կառուցելուց հետո նշված տարածաշրջանում մասամբ կլուծվի գործազրկության խնդիրը, կստեղծվեն բավականին թվով աշխատատեղեր։






