AM
9 Դեկտեմբեր 2011 - 08:41 AMT

Շիրակ Թորոսյան. Հյուսիս-Հարավ ծրագրի իրագործումը կբարելավի ջավախահայերի սոցիալական վիճակը

Գլխավոր նվաճումը Ջավախքի հետ կապված հարցերում Ջավաքխը Վրաստանի մայրաքաղաքին կապող ավտոմայրուղու կառուցումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, Ջավախքում ճանապարհներ չէին կառուցվել խորհրդային տարիներից ի վեր: Թորոսյանը նշել է նաև, որ ևս մեկ նվաճում է Հյուսիս-Հարավ մայրուղու ծրագրի քննարկումը, որի արդյունքում Երևանը կկապվի Բաթումի հետ, դա կբարելավի Ջավախքի հայերի սոցիալական վիճակը: «Սակայն, դա դեռևս չիրագործված ծրագիր է, որը շուտով կյանքի կկոչվի»,-ասել է նա:

Թորոսյանը նշել է նաև, որ Ջավախքի հարցում եղան մի շարք բացթողումներ կրթական ու սոցիալ-տնտեսական հարցերում: Նա նշել է, որ նախորդ տարի Հայաստանի ու Վրաստանի կրթության ու գիտության նախարարները պայմանավորվել էին, որ վրացական դպրոցներում կվերականգնվեն հայոց լեզվի դասաժամերը, սակայն դա չարվեց, «և վրացիները ցույց տվեցին, որ չեն էլ պատրաստվում դա անել«: Ըստ նրա, Վրաստանն անում է, ինչ ուզում է, «ստացվում է, որ Ջավախքի հայկական դպրոցները երկլեզու են դառնում, այսինքն դասերն անցնում են և վրացերեն, և հայերեն»: Նա նշել է նաև, որ Վարստանի իշխանությունները չեն դադարում հետապնդել հայեցի ուսուցիչներին: