AM
9 Դեկտեմբեր 2011 - 10:21 AMT

ՀՀ գրեթե բոլոր պետական մարմինները թաքցնում են բյուջեի և դրա օգտագործման մասին տեղեկությունները

ՀՀ պետական մարմիններն ամենից շատ թաքցնում են պետական բյուջեից իրենց մարմնին հատկացվող գումարը և թե ինչպես են այն ծախսում։ Այս մասին այսօր աուսլիսում հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2011-ի Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգի արդյունքները։

Մոնիտորինգի արդյունքները ներկայացված են թափանցիկության տոկոսային ցուցանիշով։ Ոչ մի պետական մարմնի կայք չի հավաքել 100% թափանցիկության վարկանիշային ցուցանիշ։

Ըստ Աշոտ Մելիքյանի, մոնիտորինգը ցույց է տվել, որ ամենաբարձր ցուցանիշով կայքերը տրամադրում են անհրաժեշտ տեղեկությունների 50%-ից մի քիչ ավելին։ Նա նշեց, որ գրեթե բոլոր կայքերում պակասում են բյուջեի և դրա ծախսման մասին տեղեկությունները, ապա բացակայում են թափուր աշխատատեղերի մասին տեղեկություններ և վերջում կրկին գերակշռող է պետական մարմնի գործունեության գործընթացի մասին տեղեկությունների բացակայումը։ «Կայքերում բացակայում են, թե ինչ թափուր աշխատատեղեր կան, ինչպես են դրանք լրացվում, ինչպես է կայքը մրցույթ անցկացնում, եթե անցկացնում է»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Խոսելով պետական մարմինների տեխնիկական թերությունների մասին, Աշոտ Մելիքյանն ասաց, որ տեխնիկական կարևոր չափանիշներն են՝ որոնման, փաստաթղթերի ներբեռնման և տպման հնարավորությունները։ «Բացի այս ամենից կարևոր է, որ մի տեղեկություն փնտրելիս երկար քլիքեր չանես, պետք է չգերազանցի 3 քլիքը»,-նշեց նա։

Մոնիտորինգն անցկացվել է երկու փուլով։ Ուսումնասիրվել է 38 կայք 177 չափորոշիչով. 150-ը բովանդակային (հասցե հեռախոսից մինչև բյուջե), մնացածը՝ տեխնիկական։

Մոնիտորինգի արդյունքում առավել շատ բարելավված թե՛ տեխնիկապես, թե՛ բովանդակության տեսանկյունից ճանաչվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը 52% թափանցիկության ցուցանիշով։ Իսկ ամենաբարդը, խճճվածն ու անհարմարը ՀՀ մշակույթի նախարարության կայքը՝ 19,62%-ով։