ՌԴ իշխող կուսակցության՝ «Միասնական Ռուսաստան»-ի («Եդինայա Ռոսիա») կայքը ենթարկվել է հաքերային հարձակման։ Այս մասին հայտնում է կուսակցության մամլո ծառայության ղեկավար Օլգա Պորտնովան, գրում է Lenta.ru-ն։
«Այս պահին մեր ադմինիստրատորները անջատել են կայքը»,- հայտնել է նա։ Ըստ նրա՝ հաքերները փորձել են մուտք գործել կայք և վերացնել կայքի պարունակությունը։ «Ընդ որում, երբ ադմինիստրատորները միացնում են կայքը, այդ հարձակումները նորից են սկսվում»,-հավելել է Օլգա Պորտնովան։
Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի շարք հաքերային հարձակումների են ենթարկվել անկախ լրատվամիջոցների կայքեր։ Դադարել են աշխատել՝ Slon.ru-ն, «Эхo Москвы»-ն, The New Times-ը և անգամ դիտորների ասոցացիայի կայքը՝ «Голос»-ը։
Այս դեպքերից մի քանի օր առաջ հաքերային հարձակումների էր ենթարկվում նաև ռուսական LiveJournal բլոգային հարթակը, որին հաջողվեց վերականգնել աշխատանքը
Պետք է նշել, որ անգամ դեկտեմբերի 1-ին «Коммерсантъ» թերթի կայքն էին կոտրել՝ տեղադրելով այնտեղ ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևի նկարը՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության դրոշի հետ միասին։