Այսօր առավոտյան Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկել է «Տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը զանգվածային լրատվամիջոցներում» խորագրով «ՎիմպելԿոմ»-ի ամենամյա համաժողովը: Այն կազմակերպել է «ԱրմենՏել» ընկերությունը: Համաժողովին մասնակցում են լրագրողներ վեց երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկիստանից և Ուզբեկստանից:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ «ՎիմպելԿոմ» ընկերության ԱՊՀ երկրներում Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաևը:
«Ամենամյա մեր համաժողովի խնդիրն է իրականացնել փորձի փոխանակում տարբեր երկրների ԶԼՄ ներկայացուցիչների հետ, քննարկել հեռահաղորդակցության մասին տեղեկացնելու եղանակները և հասկանալ, թե ինչպես է փոխվում լրագրության դերը ժամանակակից հաղորդակցության բնագավառում»,-ասաց նա:
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն խոսելով Հայաստանում հեռահաղորդակցության զարգացման մասին, նշեց, որ «ԱրմենՏելը» ժամանակին մենաշնորհ ոիներ դաշտում, սակայն «ՎիպելԿոմի» մուտք գործելուց հետո շատ բան փոխվեց: «Մի քանի տարում «ԱրմենՏելը» մեծ առաջընթացի է հասել: Երբ ես եկա Հայաստան տեսա սովետական վիճակում գտնվող հին սպասարկման կենտրոններ, տարեց աշխատակիցներով: Այդպիսին էր մեզ թողած «ժառանգությունը» նախորդ ղեկավարներից: Այսօր մեր սպասարկման կենտրոններում դուք կտեսնեք մեծ փոփոխություն՝ ամբողջությամբ փոխվել է աշխատակազմը:
Աշխատողների կրճատում է կատարվել՝ 5000-ից նվազելով մինչև 2700-ը: Մենք վերջին տարում մեծ ներդրումներ ենք կատարել՝ կառուցելով նոր ցանցեր»,-նշեց Իգոր Կլիմկոն:
Համաժողովի բանախոսներն են՝ Մարիա Կորոբկովան ComNews Research-ից, «Վեդոմոստի» թերթից Քսենիա Բոլեցկայան, nomobile.ru ծրագրի ղեկավար Նիկոլայ Տուրուբարը և գրող, արձակագիր, բլոգեր Լեոնիդ Կագանովը։