AM
12 Դեկտեմբեր 2011 - 08:58 AMT

Հայկական «Վանուհի» տեքստիլ ընկերությունը համազգեստ է կարում Ռուսաստանի համար

Սպիտակում գտնվող տեքստիլի արտադրության «Վանուհի» ԲԲԸ 15 տարիների ընթացքում համազգեստով է ապահովել Հայաստանի ՊՆ, և արդեն երրորդ տարին է համազգեստ է կարում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ համար: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում հայտնել է «Վանուհի» ԲԲԸ –ի նախագահ Վանիկ Ասատրյանը:

Նրա խոսքով, ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 1971 թ և փոքրիկ արտադրությունից վերաճել է տեքստիլային արտադրության, արտեղ այժմ աշխատում է մոտավորապես 120 մարդ: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է մոտավորապես 250-300 մլն դրամ:

Ներկայումս ընկերությունը պատվերներ է ընդունում Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, իսկ վերջինիս համար կարում է աշխատանքային համազգեստ: Ինչպես հաղորդում է ընկերության ղեկավարը, «Վանուհի» ԲԲԸ գործարկել է նոր արտադրական գիծ, որտեղ աշխատելու է մոտավորապես ևս 50-60 մարդ: Արտադրության համար ընկերությունը հումք է գնում Թուրքիայից, Գերմանիայից, Իրանից:

Խոսելով արտադրանքի արտահանման և երկրում իրականացվող գումարային-վարկային քաղաքականության մասին՝ Վանիկ Ասատրյանը նշել է, որ երկրում գործող հաշվարկային փոխարժեքը բարենպաստ է արտահանման համար: «Միակ խնդիրը սահմանին ԱԱՀ վճարումն է, երբ մենք ներդրում ենք անում և բերում ենք հումքը, ինչը ծանր ֆինանսական բեռի տեսքով նստում է մեր ուսերին»,- հավելել է նա: