Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն սկվել է, կարծում է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը: «Այժմ դժվար է կանխատեսել այդ գործընթացների բնույթը, դրանց արդյունքները, սակայն այն, որ վատացում է տեղի ունենալու, ես համոզված եմ: Թե որքան խորը կլինի այն, դժվար է ասել, սակայն, ըստ էության, ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն սկսվել է»,- հայտարարել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Կուդրինը հիշեցրել է, որ փորձագետների գնահատականներով, Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում նաև Իտալիայում սպասվում է ՀՆԱ-ի անկում: «Եվրագոտու ընդհանուր ՀՆԱ-ի աճը գալիք տարում գնահատվում է 0,2%»,-հիշեցրել է ֆինանսների նախկին նախարարը: «Դա միջին վիճակագրական սխալի չափն է, այսինքն այն, ինչ լինելու է, ամենայն հավանականությամբ, եվրագոտում բացասական աճ, իմ կարծիքով, դա ավելին է, քան 70%»,-հավելել է Կուդրինը:
Նման պայմաններում, նրա կարծիքով, հավանական է նավթի միջազգային գների էական անկում: Խոսելով նավթի գների կանխատեսումների մասին՝ նա խոստովանել է, որ կան մի շարք գործոններ, որոնք նպաստում են աճին: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ համաձայն ՕՊԵԿ հաղորդագրությունների, Սաուդյան Արաբիան այս տարի արտադրել է նավթի մաքսիմալ ծավալ: «Նշանակում է, որ այս գործոնը ևս, ամենայն հավանականությամբ, կնպաստի նավթի գների անկմանը»,- նկատել է նա: Ընդհանուր առմամբ, Կուդրինի կարծիքով, համաշխարհային էկոնոմիկայում սպասվում է գործերի վատացում, որը կվնասի նաև Ռուսաստանին:






