Հայկական աստղագիտական ընկերությունից տեղեկացնում են, որ լրացել է Հայաստանի գիտական լրագրողների խմբի ստեղծման 1 տարին։ Այս խումբը ստեղծվել է Հայաստանում գիտական լրագրությունը և համապատասխան հրապարակումները խթանելու նպատակով:
Համապատասխան նյութերը էլ. փոստով տարածվում են շահագրգիռ լրատվամիջոցներին և գիտության մասին գրող լրագրողներին (ընդամենը 85 հասցեով)։ Այս ընթացքում բացվել է նաև Հայաստանի գիտական լրագրողների ֆեյսբուքյան խումբ (որում այս պահին գրանցված է 178 գիտնական և լրագրող)։
Մինչ այժմ` մեկ տարվա ընթացքում, արդեն պատրաստվել և տարածվել է 112 հաղորդագրություն, որոնց արդյունքում հրապարակվել են ավելի քան 1000 տեղեկատվական նյութեր տպագիր և համացանցային մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ:
Քանի որ հաղորդագրությունները տարածվել են ՀԱԸ կողմից, նրանք հիմնականում նվիրված են եղել աստղագիտական նորությունների, Բյուրականի աստղադիտարանի և ՀԱԸ կողմից կազմակերպվող միջոցառումների և աստղադիտարանում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև գիտնականների տարեդարձների, հայկական և միջազգային գիտական այլ նորությունների:
Խմբի շրջանակներում կազմակերպվել են նաև սեմինարներ, այդ թվում` նվիրված աստղագիտական թեժ թեմաներին և գիտական լրագրությանը, աստղագուշակությանը, արտերկրային քաղաքակրթություններին և Արևմտյան Հայաստանին: Վերջապես, ՀԱԸ և Օքսֆորդի հայկական ընկերությունը համատեղ սահմանել են գիտական լրագրության մրցանակներ, որոնք հանդիսավոր կերպով կհանձնվեն դեկտեմբերի 19-ին Բյուրականում: