AM
15 December 2011 - 14:21 AMT

Երևանի կանգառներում էլեկտրոնային վահանակների տեղադրման պիլոտային փուլը դեռ չի ավարտվել

Սեպտեմբերին Երևանում մեկնարկեց Երևանի կանգառասրահներում ժամանող ավտոբուսների ժամանակացույց ցուցադրող էլեկտրոնային վահանակների տեղադրման պիլոտային փուլը։ Տեղադրված էլեկտրոնային վահանակը մինչ այժմ աշխատում է միայն 16 համարի ավտոբուսներից 4-ի հետ, որոնցում տեղադրված է GPS համակարգը։Այսօր «Հաքաթոն [YAN] Երևան 2011» մրցույթի մասին կայացած ասուլիսի ժամանակ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը նշեց, որ էլեկտրոնային վահանկները նույն կերպ շարունակում են աշխատել և պիլոտային փուլը դեռ չի ավարտվել։

«Սկզբնական շրջանում GSM և GPS համակարգերի համատեղելիության խնդիր կար։ Այժմ այս խնդիրը լուծված է։ Էլեկտրոնային վահանակը սկսում է աշխատել այն պահին, երբ ավտոբուսը մոտենում է ՝ փոխանցելով GPS-ի ազդանշանը»,-նշեց նա։

Նշենք, որ ավելի վաղ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը» տեղեկացրել էր, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակի (66 ավտոբուս) ժամանելուն պես նախատեսվում է էլեկտրոնային վահանակներ տեղադրել Երևանի 300 կանգառասրահներում։ Սակայն մինչ օրս ավտոբուսները չեն ժամանել Երևան, Չինաստանում վատ եղանակային պայմանների պատճառով դրանց ժամանումն ուշանում է։

Վահագն Ծատուրյանը ավելացրեց, որ յուրաքանչյուր վահանակ մեծ արժեք ունի, բացի դրանից կա նաև ծրագրային փաթեթի խնդիր։ Ըստ նրա, եթե ծրագրերը Հայաստանում նախագծված լինեին, խնդիր չէր լինի դրանք մեր երկրի և քաղաքի պահանջներին համապատասխանեցնելու առումով։ Բացի դրանից կլիներ նաև մեծ ծախսերի կրճատում։

Վահագն Ծատուրյանի խոսքով «Հաքաթոն [YAN] Երևան 2011» մրցույթի պես միջոցառումները կարող են նպաստել նման խնդիրների լուծմանը։ Նրա տեղակացմամբ, մրցույթին ներկայացված գաղափարների մեծ մասը վերաբերում է հենց տրանսպորտի ոլորտին, որին հաջորդում են զբոսաշրջությունը, կրթությունը և առողջապահությունը և այլ ոլորտներ։