Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենան մի շարք իրադարձություններ, տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։
Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայությունը: Այդ կապակցությամբ տեղի կունենա շնորհանդես և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագրի հանձնումը: Այնուհետև կհանձնվեն Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) և Օքսֆորդի հայկական ընկերության սահմանած գիտական լրագրության 2011թ. մրցանակները, ինչպես նաև շնորհակալագրեր՝ առավել ակտիվ լրատվամիջոցներին:
Կկայանա նաև ՀԱԸ տարեկան համաժողովը, որի ընթացքում ՀԱԸ համանախագահ Արեգ Միքայելյան հաշվետվություն կկարդա ընկերության գործունեության վերաբերյալ, որին կհաջորդեն քննարկումները:
Այնուհետև կհանձնվեն Բյուրականի աստղադիտարանի և ՀԱԸ համատեղ սահմանած լավագույն գիտական աշխատանքի համար տարեկան մրցանակը, ՀԱԸ երիտասարդ աստղագետների տարեկան (Երվանդ Թերզյանի անվ.) մրցանակը և Գալիլեյան ուսուցիչների միջազգային ծրագրի հավաստագրերը: