AM
21 April 2003 - 17:54 AMT

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Հայ-լիտվական ռազմական համագործակցությունը չի հետանդում չափազանց պատվախնդիր նպատակներ: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Երեւան ժամանած Լիտվայի պաշտպանության նախարար Լինաս Լինկեվիչյուսը: «Իրավիճակը Հարավային Կովկասում տարբերվում է Բալթիայի տարածաշրջանի իրադրությունից, սակայն այն ուղին, որը մենք անցել ենք ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ համագործակցելիս, կարող է օգտակար լինել Հայաստանի համար»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ «երկխոսությունը իրարից այդքան հեռու գտնվող երկրների միջեւ շատերին տարօրինակ կթվա, սակայն ոչ մի տարօրինակ բան չկա հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ մերձենալու ընդհանուր ձգտման մեջ»: Բացի այդ, նրա խոսքերով, այցի ընթացքում կքննարկվի Լիտվայում հայ ռազմական մասնագետների ուսուցման հարցը: Խոսելով այցի ընթացքում նախատեսվող 2003 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի ստորագրման մասին` նախարարը նշել է, որ «որոշակի միջոցառումների պլանավորման փաստը վկայում է կանոնավոր երկկողմ հարաբերությունների մասին»: Այցի շրջանակներում, որը, «Արկա» գործակալության հաղորդագրության համաձայն, կտեւի մինչեւ ապրիլի 23-ը, Լիտվայի պաշտպանության նախարարը կհանդիպի Հայաստանի ղեկավարությանը, ինչպես նաեւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին եւ կայցելի Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ: