AM
17 Դեկտեմբեր 2011 - 13:19 AMT

Հայաստանն ու Քուվեյթը մտադիր են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը

Դեկտեմբերի 11-15-ը Քուվեյթի Պետությունում էր գտնվում Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը` Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Քուվեյթի առևտրաարդյունաբերական պալատում, արդյունաբերողների և ներդրողների միությունում, ներդրողների ընկերությունում, գյուղատնտեսական կազմակերպությունում, Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամում, առևտրի և արդյունաբերության փոխնախարար շեյխ Նեմիր ալ-Սաբահի հետ կայացած հանդիպումների ընթացքում լայնորեն լուսաբանվեցին Հայաստանի տնտեսական ներուժը, արտադրվող ապրանքատեսակների արտահանման հնարավորությունները, համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները, ՀՀ տնտեսական զարգացման խոշորածավալ ծրագրերը, ներդրումների խրախուսման և պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության վարած տնտեսական ռազմավարությունը:

Համապարփակ քննարկումներ տեղի ունեցան երկկողմ հարաբերությունների գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության, վերականգնվող էներգիայի և ենթակառուցվածքների ոլորտներում հնարավոր տեղաշարժերի արձանագրման ուղղություններով:

Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել քուվեյթյան համապատասխան կառույցների ներկայացուցիչների այցը Հայաստան` տնտեսական ներուժին տեղում ծանոթանալու, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ սկսել 2012 թվականին Քուվեյթում կայանալիք հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում Հայաստանի առևտրաարդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես անցկացնելու ուղղություններով:

Այցը նշանավորվեց Զարգացման հայկական գործակալության և Քուվեյթի ներդրումային ընկերության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, ինչն էլ ավելի իրատեսական հարթություն տեղափոխեց ներդրումների բնագավառում փոխգործակցության խթանման հեռանկարները:

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև քուվեյթյան մի շարք մասնավոր ընկերությունների և հայ համայնքի գործարար շրջանակների հետ: