2011թ. օգոստոսին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկեց Երևանի հուշարձաններին կից և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա QR կոդով վահանակների տեղադրման նախագիծը։ QR կոդերը շտրիխ կոդի տեսակ են, պարունակում են բազմազան տեղեկություններ՝ սկսած լինքերից մինչև կոնտակտային տվյալներ։ QR կոդի տեղեկությունները կարդալու համար անհրաժեշտ է այն լուսանկարել սմարթֆոնով, ապա QR կոդ կարդացող ծրագրով ընթերցել կոդի բովանդակությունը։
Ծրագրի իրականացմամբ զբաղվում է Երևան քաղաքի Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը։
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը տեղեկացրեց, որ QR կոդերի տեղադրման ծրագրի նախնական փուլի արդյունքում այժմ Երևանի 39 հուշարձան և 53 պատմական արժեք ներկայացնող շենք ունի իր QR կոդը։
Դրանց թվում են Կոմիտասի, Այվազովսկու, Սասունցի Դավթի, Մարտիրոս Սարյանի և այլ հուշարձաններ, ինչպես նաև Ազգային Ժողովի, Կենտրոնական բանկի, Գիտությունների ազգային ակադեմիայի և այլ շենքեր։
Վահագն Ծատուրյանի խոսքով` այս ծրագրի իրականացումն առայժմ միայն Երևանի համար է նախատեսված, մասնավորապես` Երևանի Կենտրոն թաղամասի, ինչը պայմանավորված է զբոսաշրջիկների գործոնով։
«Յուրաքանչյուր QR կոդ պարունակում է հուշարձանների կամ շենքերի նկարները, որոշ տեսանյութեր, ստեղծման պատմությունը։ Եվ այս ամբողջ տեղեկատվությունը եռալեզու է»,- նշեց Վահագն Ծատուրյանը;
Նրա խոսքով` այս նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է ձեռք բերել թե՛ զբոսաշրջիկների կողմից, և թե՛ բնակչության։ Սրա մասին փաստում է տեխնիկական մասնագետների վիճակագրությունը։
«Մարդիկ հետաքրքրվում են, մեծ ակտիվություն կա։ Այս նախաձեռնությունը հատկապես գրավում է զբոսաշրջիկներին, քանի որ նրանք սովոր են նման նորարարությունների, սա ընդունված բան է արտասահմանում։ Կոդերի հաճախելությունը բավական բարձր է»,- ասաց Վահագն Ծատուրյանը և հավելեց, որ փուլն ավարտելուց հետո հավանական է սկսեն նաև 2-րդ փուլը, որն արդեն ընլայնված կլինի, չի սահմանափակվի միայն Երևանով։
QR կոդը նախագծել է ճապոնական Denso-Wave ընկերությունը: Այն բաղկացած է տարբերանշաններից` ներառյալ այբուբեն, թվեր, հատուկ տարբերանշաններ: Մեկ QR կոդը կարող է պարունակել 7089 թիվ կամ 4296 տառ: QR-կոդերը հաճախակի օգտագործում են հեռախոսներով կոնտակտային ինֆորմացիա, հղումներ և այլ տեղեկատվություն կարդալու համար։






