Այսօր լրանում է «Հայկական գիտական համագործակցություն» (ARMSCOOP) կայքի մեկ տարին, որի նպատակն է նպաստել Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի ու գիտակրթական համակարգի զարգացմանը, գիտական համագործակցության ընդլայնմանը ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակների միջև, տեղեկացնել գիտության նորանոր նվաճումների վերաբերյալ:
Կայքում պարբերաբար հրապարակվում են գիտական արժեք ունեցող հոդվածներ, Հայաստանին վերաբերող ամենատարբեր գիտակրթական ծրագրեր և այլն: Անցած մեկ տարվա ընթացքում կայքում հրապարակվել են 1100-ից ավելի նյութեր։
«Հայկական գիտական համագործակցությունը» 2011-ին կազմակերպել է հայագիտական դասընթաց-արշավներ, որոնց մասնակցել են հանրապետության տարբեր բուհերի լավագույն ուսանողները: Բացի դրանից «Հայկական գիտական համագործակցության» աջակցությամբ, Բյուրականի աստղադիտարանի և Լեյդենի համալսարանի դասախոս Հրաչ Մարտիրոսյանի համագործակցությամբ կազմակերպվել է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված աշխատանքային գիտաժողով, որին մասնակցել են ոլորտի առաջատար մասնագետները: «Հայկական գիտական համագործակցություն» նախաձեռնությունը աջակցել է նաև մի շարք այլ դասընթացների և կոնֆերանսների կազմակերպմանը, աջակցել տարբեր գիտնականներին ինչպես մասնագիտական գրականության ձեռքբերման, այնպես էլ ոլորտի լավագույն մասնագետների միջև համագործակցության ձևավորման և տեխնիկական այլ հարցերում։
2012-ին ARMSCOOP-ը պատրաստվում է կազմակերպել սեմինար-դասընթացների շարք, գիտաժողովներ (նոր առցանց գիտաժողովներ), գիտարշավներ։ Ապագա ծրագրերից պետք է առանձնացնել կրթական խորհրդատվական կենտրոնի ստեղծումը, որի միջոցով խորհրդատվություն կտրամադրվի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել արտասահմանում կամ մասնակցել միջազգային տարբեր գիտաժողովների։