Դեկտեմբերի 19-ին Երևանում աշխատանքն է սկսել Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) Հանրային խորհուրդը: «Այդ նիստի նպատակն է քննարկել գործարարների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մրցակցության ոլորտում առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնեսի կազմակերպմանն ու վնասում են սպառողների իրավունքներին»,-ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նիստի բացմանը: Ըստ նրա, այդ ոլորտում կան բազում չլուծված խնդիրներ, սակայն հակամենաշնորհային մարմինը մեծ աշխատանք է կատարել բարելավելու համար մրցակցությունը երկրում, այդ թվում օրենսդրության կատարելագործման գծով, որը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, ինչպես նաև կատարվել է հանրության իրազեկվածցության բարձրացմանն ուղղված աշխատանք»,-ասել է նա: Միաժամանակ Արտակ Շաբոյանը կարևորել է այն, որ անբարեխիղճ տնտեսվարողների վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար հանձնաժողովը հիմնվում է հավաստի ու լիարժեք տեղեկատվության վրա, քանի որ գործ ունի ընկերության հեղինակության հետ: «Մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ գործ ունենք ընկերության իմիջի հետ, որը տնտեսվարող սուբյեկտը ձեռք է բերել տարիներ շարունակ»,-հայտարարել է նա:
Իր հերթին Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը հավելել է, որ «մրցակցության ոլորտը Հայաստանում բարելավման կարիք ունի», քանի որ խոշոր տնտեսավորղներն ավանդաբար շարունակում են չարաշահել իրենց իշխող դիրքը և հաճախ «դուրս են բերում» Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին «խաղից»:






