AM
19 Դեկտեմբեր 2011 - 09:06 AMT

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլում ոչ մի ռոբոտ ամբողջությամբ չկարողացավ կատարել խնդիրը

Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում տեղի ունեցած «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլում որևէ թիմ ամբողջությամբ չկատարեց իր առջև դրված պահանջը:

Այս պատճառով ժյուրին որոշեց սահմանափակվել խրախուսական մրցանակներով։

Մրցույթի խնդիրն էր խուզարկել հողածածկ տեղանքը, գտնել թաղված ականները, նշել դրանց դիրքերը և ստեղծել հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Մրցույթին մասնակցում էին 5 թիմ` «Առնետ», «Միմ», «Ռևոտեք», «Մայմհագր», «Ոզնի»: Շվեյցարական ԷյԲիԲի (ABB) ընկերության «Լավագույն ինժեներական լուծում» հատուկ մրցանակին արժանացավ «Ոզնի» թիմը, որի մրցանակն է 200 000 դրամ: «Միմ» թիմը ստացավ «Խիզախության համար» մրցանակը` արժանանալով 100 000 դրամի:

Մյուս 3 թիմերը նույնպես ստացան խրախուսական մրցանակներ` յուրաքանչյուրն արժանանալով 100 000-ական դրամի:

«Անցած տարվա նույն մրցույթի համեմատությամբ կարող ենք ասել, որ այս տարի թիմերը կիրառել էին ավելի բարդ տեխնիկական լուծումներ»,-նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթի կազմակերպիչն էր ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։ Հատուկ մրցանակի հովանավորն էր ԷյԲիԲի ընկերությունը, տեխնիկական հովանավորը` Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցներն էին` ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: