«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով աճել են 5,4%: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 11 ամիսների ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 54,5 հազ. ուղևոր՝ 2010 թվականի հունվար-նոյեմբերին տեղափոխված 51,7 հազ.ուղևորի դիմաց,հաղորդում են ընկերության ընկերության մամուլի ծառայությունից:
Միայն 2011 թվականի նոյեմբերին միջազգային ուղևորափոխադրումների ծավալներն աճել են 83,3%-ով: Նշված ժամանակահատվածում գործող Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղևոր են դարձել 2,2 հազ.մարդ՝ 2010 թվականի հոկտեմբերին տեղափոխված 1,2 հազ.ուղևորի դիմաց:
2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀԿԵ ՓԲԸ ծառայություններից օգտվել է 539,1 հազ.ուղևոր: Հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, մեկ բեռնատար վագոնի շրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ արագացել է 0,2 օրով կամ 5,3%: Իսկ 11 ամիսների համար նախատեսվող ցուցանիշի հետ համեմատ փաստացի ցուցանիշը բարելավվեց 28,9%:
Ըստ վիճակագրական տվյալների, մեկ վագոնի միջին շրջանառությունը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմեց 3,8 օր: Միևնույն ժամանակ, 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշի հետ համեմատ 0,9 ժամով կրճատվել է մեկ բեռնափոխադրումից առաջ վագոնի պարապուրդի ժամանակը՝ կազմելով 37,4 ժամ:
2011 թ. 11 ամիսների ընթացքում բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 343 լոկ-կմ, ինչը 14,2% գերազանցեց նախատեսվող ցուցանիշը և 20,5%՝ 2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշը: Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:






