Հայտնի են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնած «ԴիջիԹեք ցուցահանդես` տոն տեխնոլոգիական հայության համար» խորագրով լրագրողների մրցույթի հաղթողները։ Մրցույթի նպատակն էր խթանել Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին, խորացնել ՏՀՏ թեմատիկայով ստեղծագործող լրագրողների հմտությունները:
«Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել լրագրող Սամվել Ավագյանը։ Մրցանակն է 50.000 դրամ: «Լավագույն հարցազրույց» անվանակարգում հաղթողն է Գայանե Խաչատրյանը (50.000 դրամ): Իսկ «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում հաղթողն է` Մանու Իրիցյանը (70.000 դրամ)։
Ժյուրիի որոշմամբ «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում տրվեց նաև խրախուսական մրցանակ Սիրանուշ Ղարիբյանին, ով ներկայացնում է info.mskh լրատուն (Մխիթար Սեբաստացի կրթահամալիր): Մրցանակը կազմում է 20.000 դրամ:
«Միությունը որոշեց լրագրողական մրցույթ հայտարարել ԴիջիԹեք ցուցահանդեսին նվիրված, քանի որ ցուցահանդեսը ՏՀՏ ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է և արտացոլում է ոլորտի հիմնական զարգացումները»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Լրագրողների մրցանակների հանձման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին անցկացվող ՏՏ ոլորտի ամանորյա տոնակատարության ժամանակ: