AM
22 Դեկտեմբեր 2011 - 05:19 AMT

Mozilla Firefox 9-ը հասանելի է հայերեն լեզվով

Mozilla Firefox բրաուզերի նոր` 9-րդ թարմացումը հասանելի է արդեն հայերեն լեզվով։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց «Մոզիլլա Հայաստան» թիմի անդամ Հրանտ Օհանյանը։

Հայերեն Firefox 9-ը կարելի է ներբեռնել հենց Mozilla-ի պաշտոնական կայքից։

Բրաուզերի որոշ ֆունկցիաներ այս տարբերակում ավելի լավ են աշխատում, մասնավորապես Javascript-ը 30%-ով ավելի արդյունավետ է աշխատում նախորդ տարբերակից։

Նկատվում են նաև ինտերֆեյսի փոփոխություններ և բրաուզերը ավելի համատեղելի և գեղեցիկ է դարձել Apple-ի Mac OS X Lion օպերացիոն համակարգում։ Բացի այս ամենից Mozilla-ն վերացրել է մի շարք ծրագրային սխալներ, որոնք կային նախորդ տարբերակում։

Հրանտ Օհանյանն ավելացրեց, որ արդեն պատրաստ է նաև Mozilla-ի փոստային ծրագիր Thunderbird-ի հայերեն թարգմանությունը և հավանաբար հաջորդ՝ Thunderbird 9 տարբերակի թողարկման ժամանակ այն ևս հասանելի կլինի ներբեռնման համար։

«Մոզիլլա Հայաստան» թիմի նպատակն է հայաֆիկացնել Մոզիլլա կազմակերպության ծրագրերը` հասանելի դարձնելով հայերեն լեզվով, և տարածել հայերենը տեղի ՏՏ ոլորտում: Աշխատանքը ղեկավարում են Mozilla Foundation-ի 2 կամավոր աշխատակիցներ (Contributor)` Արմեն Զամբրանո Գասպարյանը և Ռոբերտ Սարգսյանը, իսկ կամավոր թարգմանիչները 11-ն են։