Հայաստանում աշխատող 25 գիտական խմբեր 2012թ. կստանան Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund – ANSEF) դրամաշնորհներ` յուրաքանչյուրը 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից։
Հաղթողներն ընտրվել են ՀԱԳԿՀ հանձնաժողովի կողմից` անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա: Նրանց թվում են 16 խմբեր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներից, 6` Երևանի պետական համալսարանից, և 1-ական` Հայկական պետական ճարտարագիտական համալսարանից, Հայկական պետական բժշկական համալսարանից և Հայկական ճարտարագիտական ակադեմիայից:
Թվով ամենաշատ դրամաշնորհներ ստացել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (6), ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (3), ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության (2) և ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտների (2) գիտական խմբերը: ՀԱԳԿՀ-ն հիմնադրվել է 2000թ. ԱՄՆ հայ մտավորականների կողմից, գործում է Հայ օգնության հիմնադրամի շրջանակներում և սկսած 2001թ. տարեկան 25-ական դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին։
Մինչ օրս ՀԱԳԿՀ-ն տրամադրել է 300 դրամաշնորհ, որոնցից օգտվել է մոտ 550 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ։
Դրամաշնորհներն օգտագործվել են աշխատավարձերի, սարքավորման ձեռքբերման, գործուղումների և գիտական գործունեությունն ապահովող այլ ծախսերի համար:
ՀԱԳԿՀ դրամաշնորհների արդյունքում զգալիորեն ակտիվացել է գիտական խմբերի գործունեությունը. ստացվել են բազմաթիվ նոր արդյունքներ, տպագրվել են հարյուրավոր նոր գիտական հոդվածներ, հաստատվել են նոր համագործակցություններ:






