AM
26 December 2011 - 12:23 AMT

Հայաստանում ամանորյա իրական զեղչեր երբեք չեն լինում

Ողջ աշխարհում Ամանորը սիրելի տոն է: Եթե հայերն Ամանորին կարևորում են իրենց սեղանի առատությունը և հյուրասիրությունը, ապա արտասահմանցիները՝ մեկը մյուսին նվերներ հանձնելը: Այս առիթով գրեթե ողջ աշխարհում տոների նախաշեմին, նաև տոների օրերին գործում են զեղչեր: Մեծ ԶԵՂՉԵՐ և ոչ թե «զեղչեր»:

Զեղչեր, որոնք ավելին են, քան 50%-ը: Եվ նման առատ զեղչերն անգամ մրցակցություն են ստեղծում խանութների միջև: Զեղչերը գործում են բոլոր ապրանքների համար՝ սկսած հագուստից մինչև ամենաթանկ էլեկտրատեխնիկան: Օրինակ, Ebay-ի ամենօրյա զեղչերի ցուցակում կարելի է տեսնել Samsung 389 դոլար արժողությամբ հեռուստացույցը 76% զեղչով՝ 95 դոլարով: Եվ այսպես ամեն տարի Ամանորի օրերին սարքերի վաճառքն իր քանակությամբ ողջ աշխարհում գերազանցում է ամբողջ տարվա, անգամ տարիների արդյունքները:

Իսկ ինչպիսի՞ն են ամանորյա զեղչերը Հայաստանում: Էլեկտրատեխնիկայի խանութների զեղչային «առատաձեռնությունը» չի անցնում 15%-ը: Հարց է, ինչպես կարող է 15%-ը, օրինակ 300.000 դրամ արժեքով նոթբուքի կամ հեռուստացույցի համար, զեղչ համարվել: Իսկ թե արդյո՞ք իրականում այդ նոթբուքն արժե 300.000 դրամ կամ մի քիչ պակաս՝ «զեղչը» ներառյալ, դա այլ հարց է:

Միակ «առատաձեռնությունը», որ քիչ թե շատ նկատվում է, այն է, որ օրինակ սառնարան գնելիս մեկ փոքր նվեր կարող ես ստանալ: Այն էլ կրկին հարց է, արդյո՞ք այդ ողջ գումարով երկուսը միասին չէիր գնի կամ մի բան էլ ավելի: Ամանորը տոն է և այն տոն պետք է դարձնեն բոլորը: