AM
27 Դեկտեմբեր 2011 - 10:26 AMT

Ֆինանսական ստուգումների արդյունքում բյուջեում վերականգնված գումարը կազմել է 11.4 մլրդ.դրամ

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանի մամուլի ասուլիսը: Տիկին Ղարիբյանը մասնավորապես նշել է, որ 2011թ.-ի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության ստուգումների արդյունքներով հօգուտ բյուջեի վերականգնված կամ վերաձևակերպված ընդհանուր գումարը կազմել է 11.4 մլրդ.դրամ, որից 9.1 միլիարդը` դրամի տեսքով վերականգնումներն են, իսկ 2.3 մլրդ.դրամը` պետական մասնակցությամբ կազմակերպությունների հաշվեկշիռներում ձևակերպված չհիմնավորված և ուռճացված վնասների և չհաշվառված, թաքցված նյութական պետական արժեքների գումարներն են: Նշեմ, որ վերականգնված 11.4 մլրդ. դրամից 8.3 մլրդ դրամը բաժին է ընկնում սոցիալական ապահովության ոլորտին:

2011թ. տեսչության կողմից իրականացվել են թվով 112 ստուգումներ, այդ թվում 90-ը եղել են ծրագրային և դրանց հանդիպակաց ստուգումներ տարբեր ոլորտներում, սակայն հատկանշական է այն փաստը, որ այս տարվա առաջին վեց ամիսը տեսչությունը կենտրոնացնելով իր բոլոր ուժերը ուսումնասիրել է միայն պետության սոցիալական ապահովության ոլորտը: Դրանք այն աղմկահարույց ուսումասիրություններն էին, որոնց մասին խոսում են շուրջ մեկ տարի:

Տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում ստուգումներ են իրականացվել երեք նախարարություններում (Էկոնոմիկայի, Բնապահպանության և Սփյուռքի) և դրանց ենթակա մի շարք կազմակերպություններում, երկու գերատեսչություններում և ՊԵԿ համակարգի թվով երեք տարածքային ստուրաբաժանումներում (Գավառի և Գորիսի հարկային տեսչություններում և Շիրակի մաքսատանը): Այս մարմիններից թվով չորսում ստուգումները դեռևս գտնվում են ամփոփման փուլում: 2011թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ստուգումներ են իրականացվել հանրապետության երկու մարզերում` Տավուշի և Վայոց ձորի մարզպետարանններում ու 4 քաղաքային համայնքներում: