Այսօր՝ հունվարի 16-ին գիտական հասարակայնությունը նշել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի 70-ամյա հոբելյանը, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունից։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անունից Էդուարդ Ղազարյանին շնորհավորել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը հոբելյարին շնորհել է Կոմիտեի ոսկե մեդալ: ԵՊՀ-ի ոսկե մեդալով Էդուարդ Ղազարյանին պարգևատրել է ԵՊՀ-ի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արամ Սիմոնյանը:
Շնորհավորական ելույթներում բարձր գնահատականներ հնչեցին Էդուարդ Ղազարյանի` գիտության և կրթության բնագավառներում ունեցած նվաճումներին:
Էդուարդ Ղազարյանը Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր է: Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի և Նանսենի անվան մեդալներով:
Էդուարդ Ղազարյանը 1999-2001թթ. եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար, 2002-2004թթ. ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ: Ներկայումս նա ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ է և զբաղեցնում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի փոխտնօրենի պաշտոնը:






