Wikipedia օնլայն հանրագիտարանը հունվարի 18-ին անջատելու է իր անգլերեն տարբերակը 24 ժամով ՝ այդպիսով բողոք հայտնելով ընդդեմ ԱՄՆ վիճահարույց հակահենային օրինագծի (Stop Online Piracy Act)։Wikipedia հիմնադրամի գործադիր տնօրեն Սյու Գարդները նշել է, որ SOPA-ի ընդունումը կսպառնա ազատ և բաց ինտերնետին, այդ թվում և Wikipedia-ին։
Հունվարի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում կայանալու է SOPA-ի հերթական քննարկումը, որին մասնակցելու են նաև ինտերնետ ոլորտի ներկայացուցիչներ։
SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում հենային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կատավարության կամ սեփականատերերի պահանջով։ Այս օրինագծի դեմ դուրս են եկել Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։
Սյու Գարդները նշել է, որ Wikipedia-ն անկախ ամեն ինչից իր սեփական ցույցն է անցկացնելու, քանի որ Կոնգրեսի ստորին պալատում SOPA-ի քննարկմանը զուգահեռ վերին պալատում կայանալու է SOPA-ի նման մեկ այլ՝ PIPA օրինագծի քննարկումը։
Գարդների խոսքով, հունվարի 18-ին Wikipedia-ն անհասանելի կլինի ողջ աշխարհում։ Wikipedia-ի անգլալեզու հանրագիտարանը ամենախոշորն է աշխարհում՝ ավելի քան 3,8 միլիոն նյութերով։
Այս քայլին են հունվարի 18-ին դիմելու նաև մի քանի այլ կայքեր, ինչպես օրինակ սոցիալական ցանց Reddit-ը, հաղորդում է IDG լրատվական գործակալությունը։ Reddit –ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ելույթ է ունենալու Սենատի լսումների ժամանակ։