AM
18 January 2012 - 06:11 AMT

ՆԱՍԱ-ն չի մեկնաբանել «Ֆոբոս-Գրունտի» վթարի հնարավոր կապը ամերիկյան ռադարի ազդեցության հետ

ԱՄՆ Աէրոնավտիկայի և տիեզերական տարածության հետազոտման ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, չի մեկնաբանել «Ֆոբոս-Գրունտի» վթարի հնարավոր կապը ամերիկյան ռադարի ազդեցության հետ: «Մենք չենք մեկնաբանի այդ տեղեկատվությունը: Դուք պետք է դիմեք պետդեպարտամենտ»,-հայտարարել է «ՌԻԱ Նովոստիին» ՆԱՍԱ ներկայացուցիչ Մայքլ Բրաուկուսը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռևս չի պատասխանել ՌԻԱ Նովոստիի համապատասխան հարցմանը:

«Կոմերսանտ» թերթը, հղում անելով աղբյուրին հրթիռատիեզերեկան ոլորտում, հունվարի 17-ին հայտնել էր, որ «Ֆոբոս-Գրունտը» կարող էր պատահաբար հայտնվել ամերիկյան ռադարի ազդեցության գոտում:

Ավոտմատ միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» կայանը գործարկվել էր նոյեմբերի 9-ին Բայկոնուրից, սակայն կայանը չկարողացավ անցնել դեպի Մարս թռիչքի հետագծին և հունվարի 15-ին «Ֆոբոսի» բեկորները ընկան Երկրի վրա: Մինչ օրս պարզ չէ կայանի բեկորների անկման ժամանակն ու տարածքը: