Լուսանկարչական ապարատների արտադրող ավելի քան 130 տարվա պատմություն ունեցող Eastman Kodak-ը վարկատուներից պաշտպանության մասին դիմում է ներկայացրել ըստ ԱՄՆ Օրենսդրության սնանկության մասին 11 գլխի:
Ինչպես հայտնում է Reuters-ը, ընկերությունը նաև հայտնել է Citigroup ընկերությունից 18 ամսով 950 միլիոն դոլար վարկ ստանալու մասին, ինչը նույնպես կօգնի Kodak-ին շարունակել իր գոյությունը։
Kodak-ի Տնօրենների խորհրդի անդամ Անտոնիո Պերեզի խոսքով, բաժնետերերը և մենեջմենթը կարծում են, որ ժամանակավոր սնանկությունը հանդիսանում է արդյունավետ միջոց Kodak-ի պահպանման և եկամտաբերությունը վերադարձնելու համար։
The Wall Street Journal-ն, հղելով իր սեփական աղբյուրներին, նշում է, որ Kodak-ը մտադիր է վաճառել ավելի քան 1100 արտոնագիր, որպեսզի կարողանա մարել Citigroup-ի տրամադրած վարկը և այլ պարտքերը։ Տնօրենների խորհուրդը հունվարի 20-ին քննարկելու է նոր ղեկավարի թեկնածությոնը, որը պետք է սնանկությունից փրկի ընկերությունը։
Kodak-ն արդեն մի քանի տարի է ինչ եկամտաբեր չի, այդ իսկ պատճառով ընկերության բաժնետոմսերի արժեքը շուկայում նվազել է։ Վերջին տարում դրանց արժեքն ընկել է ավելի քան 91%-ով։