Օրինակարգ իշխանությունը կարող է ձևավորվել միայն ընտրակեղծարարության մեքենայի ջախջախման, օրինական և թափանցիկ ընտրության անցկացման դեպքում։ Այս մասին ասվում է Հայ ազգյին կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, որում նաև մասնավորապես նշվում է. «Դա հնարավոր է իշխանության քաղաքական կամքի և որակյալ օրենսդրության պայմաններում։ Հայաստանում անցկացվող ընտրությունները քանիցս ցույց են տվել, որ ներկա վարչախումբը չի կարող նման կամք դրսևորել։ Քաղաքական ուժերի և հասարակության ճնշմամբ համապատասխան օրենսդրության կատարելագործումը կարող է էականորեն կրճատել ընտրախախտումների ու կեղծիքների հնարավորությունը։ Հայ Ազգային Կոնգրեսը, նկատի ունենալով խնդրի կարևորությունը, հայտարարում է փետրվարի 17-ից հանրահավաքային ալիքի վերսկսման մասին, որի օրակարգը կլինի Սերժ Սարգսյանին հրաժարականի պարտադրումը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովող մեխանիզմների ձևավորումը։ Հայ Ազգային Կոնգրեսը ամեն ինչ անելու է հասարակական ճնշմամբ օրենքի ուժ տալ դեռ 2010թ. մարտի 1-ին ձևակերպած ու հրապարակած օրենսդրական փոփոխությունների իր պահանջներին։ Ստորև ներկայացնում ենք այդ փաստաթղթի հետագայում վերամշակված տարբերակը։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ հիշյալ փաստաթղթում ընդգրկված պահանջներից մեկը, այն է՝ խորհրդարանական ընտրությունները միայն համամասնական համակարգով անցկացնելու խնդիրը, այժմ հետապնդում են նաև խորհրդարանական երկու ուժեր։ Մենք ողջունում ենք քաղաքական այդ ուժերի ջանքերը, տվյալ օրակարգով հունվարի 20-ին կազմակերպված ֆորումի անցկացումը, նախատեսում ենք խնդիրը Ազգային Ժողովում քննարկման օրերին հանրահավաքի անցկացում։ Կոչ ենք անում ֆորումի մասնակիցներին, այլ քաղաքական ուժերին, որոնք շահագրգռված են ազատ և արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձևավորման հարցում, իրենց աջակցությունը ցուցաբերել հետևյալ պլատֆորմի նաև մյուս, ոչ պակաս կարևոր պահանջների իրականացմանը։ Կոնգրեսը հակված է կառուցողական համագործակցության և այդ նկատառումով կաջակցի ֆորումի կայացրած՝ արդար ընտրությունների անցկացմանը նպաստող ցանկացած որոշման»։






